Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Իվիցա Դաչիչը և նրա հետևանքները

Իվիցա Դաչիչը և նրա հետևանքները
04.06.2015 | 15:04

Տարածաշրջանային այցով Երևան եկավ ու գնաց ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը: Հայաստան նա եկավ Բաքվից: Երթուղին պատահաբար չէր ընտրված՝ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան, այստեղ դեր ուներ ոչ միայն աշխարհագրությունը, այլև՝ քաղաքականությունը: Բաքվի հանդիպումներից հետո Իվիցա Դաչիչը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց․ «Ադրբեջանը առաջարկում է ավելացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիվը: Կարծում եմ, սա նոր առաջարկ չէ, սակայն այս առաջարկը ընդունելու համար մենք կոնսենսուսով կայացված որոշման կարիք ունենք, որը կընդունվի մասնակից բոլոր երկրների կողմից: Գուցե այս հարցը ուսումնասիրենք ապագայում, բայց, կարծում եմ, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատել: Եթե որևէ կողմ գոհ չէ աշխատանքի արդյունքներից, այնուամենայնիվ սա միակ ձևաչափն է, որի շրջանակում տարաբնույթ բանակցություններ են ընթանում, երկխոսություն է տեղի ունենում, և սա պետք է պահպանվի»:
Իվիցա Դաչիչը ճիշտ է՝ նոր առաջարկ չէ, որի ընդունման համար կոնսենսուսով կայացած որոշում է պետք, իսկ Հայաստանը դեմ է Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությանը: Դեմ է նաև Ղարաբաղը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կողմ է բանակցային սեղան Ստեփանակերտի վերադարձին: ՈՒ սա հակընդդեմ առաջարկ է Բաքվին: Բաքուն միալար բողոքում է 23 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու համար ստեղծված միջնորդական խմբի աշխատանքից: Բայց միայն բողոքելով չի սահմանափակվում՝ միջազգային բոլոր կառույցներում՝ քաղաքական ու մասնագիտական, Բաքուն նույնքան միալար բարձրացնում է «ագրեսոր» Հայաստանի հարցը և պահանջում ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը ներառել հարցի լուծման թղթաբանության մեջ: Արդեն շատ հայտնի պատմություն է, բայց հիմա կարող է այդ պատմությունը դառնալ վտանգավոր: Այո, Հայաստանը շարունակում է հայտարարել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը բավական արդյունավետ ձևաչափ է, որի շրջանակներում հնարավոր է հասնել կարգավորման: Այո, Ստեփանակերտն էլ գործող ձևաչափը համարում է ամենաօպտիմալը և ասում է, որ ստեղծված իրավիճակը բանակցային գործընթացում պայմանավորված է ոչ թե Մինսկի խմբի կազմով, այլ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմամբ: Այո, ԵՄ-ն ներկայացնող Ֆրանսիան և ԱՄՆ-ը ևս Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության անհրաժեշտություն այս պահին չեն տեսնում, բայց կա Ռուսաստանը: Արևմուտքի հետ լարված հարաբերությունների տրամաբանությամբ՝ Բաքուն կտրուկ շրջադարձ է կատարում դեպի Մոսկվա: Ռիգայի գագաթնաժողովում Էլմար Մամեդյարովը Բաքվին գոհացնող դիրքորոշում բացահայտորեն չստացավ՝ ճիշտ է, բանաձևին Ադրբեջանի հատուկ կարծիքը հավելվեց, բայց գագաթնաժողովի բանաձևն արձանագրեց ԼՂ հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտությունը՝ միջազգային սկզբունքների հիման վրա՝ չառանձնացնելով տարածքային ամբողջականության Բաքվի իդեա ֆիքսը: Բացի այդ՝ ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների փաթեթը, որ գործնականում նշանակում էր Ադրբեջանի հրաժարում Արևելյան գործընկերության ծրագրից և նոր կառույցի ստեղծում՝ նոր ձևաչափով, Բրյուսելը խանդավառությամբ չընդունեց: Նավթագազային խայծն այս անգամ կարծես եվրոպացիները կուլ չտվեցին՝ հակառակ Բաքվի հաշվարկներին, որ Բրյուսել-Մոսկվա լարված հարաբերությունների համապատկերում պատեհ պահ է սեփական խաղը սկսելու: ԱՄՆ-ի կոշտ քննադատությունն էլ մարդու իրավունքների պաշտպանության ադրբեջանական իրավիճակի վերաբերյալ ևս մի փական է՝ դեպի Արևմուտք Բաքվի իր ցանկացած հաղթական ընթացքի ճանապարհին: Ի՞նչ է մնում: Մնում է Մոսկվան: Իսկ Մոսկվան առաջարկում է գործընկերություն նոր ձևաչափով՝ ԵԱՏՄ-ի, այս խաղում Կրեմլը հույս ունի նաև չեզոքացնել Բաքվի նավթագազային չափից դուրս ինքնուրույն խաղերն ու հավակնությունները: ՈՒ Բաքուն նվազագույնը հիմար պիտի լիներ, որ բարենպաստ հանգամանքներից օգտվելով՝ չպահանջեր Ղարաբաղի հարցը լուծել իրեն ձեռնտու ձևով:
Մոսկվային ևս չափազանց ձեռնտու է Արևմուտքի հետ լարված հարաբերությունների ընթացքում լուծել Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ազդեցության հնարավորինս նվազեցման հարցը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահներին «անգործ» թողնելու Բաքվի առաջարկը նաև Մոսկվային է պետք: Համենայն դեպս՝ նաև քաղաքական առևտրի դաշտ է բացում: Ինչո՞ւ Ռիգայից հետո Էլմար Մամեդյարովը անմիջապես գնաց ոչ թե Բրյուսել, որ իր ներկայացրած փաթեթի դեպքում տրամաբանական էր, ոչ թե Բեռլին, Փարիզ, Լոնդոն, որ նույնպես տրամաբանական կլիներ՝ իբրև ԵՄ վճռորոշ երկրներ, այլ՝ ուղիղ Մոսկվա ու ութ ժամ բանակցեց Սերգեյ Լավրովի հետ: Այդ ութից հաստատ մի երկու-երեք ժամը վերաբերել է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի որևէ ձևաչափով անդամակցությանը և, հարկավ, Լեռնային Ղարաբաղի հարցին: Հայաստանը, իհարկե, ունի վետոյի իրավունք: Բայց որքա՞ն է հնարավոր իրավական այդ քայլը: Վետո կդնի՞ Երևանը Բաքվի ԵԱՏՄ-ի անդամակցության առաջ: Երևանը կառաջադրի՞ իր պայմանները «այո»-ի դիմաց: ՈՒ ի՞նչ արձագանք կստանա: Իվիցա Դաչիչը ԵԱՀԿ տեսակետը հստակ ներկայացրեց: Մոսկվան լռում է: Եվրոպական խաղերի բացման առիթով մի քանի օրից ՌԴ նախագահը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահին: Այդ հանդիպումից հետո ակնհայտորեն Մոսկվան նորից կակտիվանա՝ առաջարկելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում: Բայց ի՞նչ օրակարգով: Ինչպե՞ս կարձագանքեն համանախագահ մյուս երկրները: Նորի՞ց կփրկեն ձևաչափը, թե՞ այս անգամ իրենց պայմանները կառաջադրեն: Արդեն Հայաստանին, որովհետև Ադրբեջանի հետ անիմաստ է բանակցել, երբ Բաքուն մերժում է Մինսկի խմբի ձևաչափը: Առաջին հայացքից Հայաստանը կամ պիտի վետո դնի, կամ օգտագործի ԵԱՏՄ-ից դուրս գալու իրավունքը: Բայց դա չափազանց ռիսկային որոշում է՝ նկատի ունենալով Մոսկվայի հետագա քայլերը: Հայաստանը, իհարկե, ՈՒկրաինա չէ, բայց կա Վրաստանի օրինակը: Քաղաքականության մեջ բոլոր փաստարկները սպառած Մոսկվան՝ իբրև կանոն, դիմում է ռազմական գործողությունների: Մնում է բանակցելու տարբերակը: Հաջողությամբ բանակցելու համար ամենակարևոր հարցը դառնում է դաշնակիցների հետ նախնական պայմանավորվածությունների հասնելը: Այս հարցում դաշնակիցներ են ոչ միայն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ, այլև՝ Իրանն ու Չինաստանը: Իրանը՝ իբրև անմիջական հարևան, որ շահագրգռված է տարածաշրջանային խաղաղությամբ, կայունությամբ ու տնտեսական ծրագրերի իրականացման հնարավորությունների ստեղծումով և Մոսկվայի հետ ունի իր առանձնահատուկ հարաբերությունները, որոնք ոչ միշտ են բարեկամական ու համագործակցային: Չինաստանը՝ իբրև աշխարհաքաղաքական կարևոր խաղացող, որ ծրագրեր ունի տարածաշրջանում Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնմամբ և բազում հարցեր ունի Մոսկվայի հետ՝ թե քաղաքական, թե տնտեսական, սերտ կապեր ունի ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ: Թուրքիան, բնականաբար, հայտնվելու է խրամատի մյուս կողմում՝ նպատակ ունենալով ընդգրկվել նոր ձևաչափում և խաղարկելով ԵԱՏՄ-ի հետ համագործակցության տարբեր մակարդակների խաղաքարտը: Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում արտաքին քաղաքական ուղեգծի կտրուկ փոփոխությունների չեն բերի, հազիվ թե Էրդողանի «Առաջադիմություն և զարգացում» կուսակցությունը տանուլ տա ընտրությունները և դառնա ընդդիմություն:
Չի բացառվում, որ Մոսկվային ունենալով իբրև հստակ դաշնակից՝ Բաքուն կփորձի պատերազմով ստատուս քվոն փոխելու տարբերակը, բայց դա կլինի Իլհամ Ալիևի մեծագույն արկածախնդրությունը: Հրադադարի ռեժիմի խախտումները և հարձակումը Ղարաբաղի կամ Հայաստանի վրա բացարձակապես տարբեր իրավիճակներ են: Պատերազմի դեպքում Իլհամ Ալիևը տարածաշրջանը վերածելու է Վեզուվի, որի ժայթքումը կարող է ավերել հենց Բաքուն: Բնական է, որ նա որևէ երաշխիք չունի երեք օրում մտնել Ստեփանակերտ, յոթերորդ օրը՝ Երևան: Դա բացառվում է, ուստի Բաքվի հերթական առաջարկը՝ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության վերաբերյալ, պահանջում է դիվանագիտական ռացիոնալ ու իռացիոնալ քայլեր ձեռնարկել՝ համադրելով ու հակադրելով շահագրգիռ կողմերի շահերն այնպես, որ Բաքուն հարկադրաբար վերադառնա գործող ձևաչափին, իսկ Մոսկվան իր հեռվից տեսնի ոչ միայն Բաքվի, այլև Երևանի ու Ստեփանակերտի լույսերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ասուլիսում ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը նաև հայտարարեց. ԵԱՀԿ-ն պետք է ուսումնասիրի Ռուսաստանի և այլ երկրների կողմից տարածաշրջանին վաճառվող սպառազինությանը վերաբերող հարցերը: Վերջապես:

Դիտվել է՝ 1164

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ